Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019 12:33
Մարիաննա Մկրտչյան

Ֆրանսիացի խորհրդարանական. Անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու ենք այցելել Արցախ

Ֆրանսիացի խորհրդարանական. Անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու ենք այցելել Արցախ

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը եւ Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Պիեր Ուզալիասը:

 

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին` այս օրերին Արցախ գնալու սկզբունքայնության համար` նշելով, որ մեզ համար չափազանց կարեւոր է այս աջակցությունը:

 

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը եւ պատգամավորները կիսվել են Արցախից ստացած տպավորություններով:

 

Գի Տեսիենը նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարեւոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա՝ ամուր սահմաններով եւ նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եւ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի էե,- ասել է Տեսիենը:

 

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին եւ հույս ունեն, որ Արցախը միջազգայնորեն կճանաչվի:

 

Գի Տեսիենը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսել են խորհրդարանական համագործակցությունն ավելի խորացնելու եւ ԵԱՀԿ-ում համագործակցության մասին:

 

Մտքերի փոխանակության ժամանակ ֆրանսիացի պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին Հայաստանում ընթացող   բարեփոխումների մասին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի