Արմինֆո. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ, առավել ևս՝ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով, կայացել է հանդիպում Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի և Գիորգի Ծերեթելիի միջև, որտեղ ի թիվս մի շարք հարցերի՝ բարձրացվել է նաև այս հարցը։ <Հարցին անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացչության կողմից: Ինչպես մեզ հավաստիացրել են ԵԱՀԿ-ում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, Գիորգի Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ, առավել ևս՝ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին: Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Եվ նաև մեկ հանգամանք էլ նշեմ, որ առավոտյան մեզ տեղեկացրին, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով արդեն իսկ խմբագրել են այդ հարցազրույցը, որը վերագրվում էր պարոն Ծերեթելիին>,- ասել է Նաղդալյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնել: Ծերեթելին վստահեցրել է, որ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի:
ԱՊԱ գործակալության համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահն իբր իր վերաբերմունքն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է. <Կարծում եմ, որ նման
հայտարարությունները, որոնք նպատակ չեն հետապնդում հասնել հակամարտության կարգավորմանը եւ հեռու են երկրների միջեւ բանակցություններում ներդրում կատարելուց, միշտ վնասում են խաղաղ գործընթացին>: