Արմինֆո. Մոսկվայում աստիճանաբար սկսում են Հայաստանը դիտարկել որպես գործընկեր, դաշնակից, այլ ոչ թե՝ որպես գաղութ։ Համենայն դեպս, հենց նման միտումներ են նկատվում վերջին մեկ տարվա ընթացքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ազատ Արշակյանը։
"Հայ-ռուսական հարաբերություններում այսօր ընթանում է հստակեցման գործընթաց, որի էությունը, իմ կարծիքով, հանգում է Հայաստանի նկատմամբ գաղութատիրոջ կարգավիճակից Ռուսաստանի աստիճանական հրաժարման։ Սա մեր երկրում իշխանափոխության արդյունք է։ Մոսկվան համաձայնել է իր դրածոներին իշխանությունից վտարելուն, եւ այժմ մենք պետք է հասնենք Ռուսաստանից տնտեսական ազատության", - նշել է նա։
Նման սպասումներն Արշակյանը կապում է պատժամիջոցների ռեժիմի տակ գտնվող Ռուսաստանի միջազգային դրության և փաստացի մեկուսացման հետ։ Նրա կարծիքով, հենց նման դրությունն է ստիպում Մոսկվային դաշնակիցներ փնտրել։ Իսկ դաշնակիցներ ձեռք բերելու համար Ռուսաստանը, նրա գնահատմամբ, պետք է հրաժարվի նախկին մոտեցումներից հարեւան երկրների նկատմամբ եւ՝ ոչ միայն։
Փորձագետի կարծիքով ՝ այս լույսի ներքո հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի՝ Հայաստանի կարգավիճակը ռուսական գաղութից գործընկեր երկրի փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահի հոկտեմբերյան այցը Հայաստան Արշակյանը դիտարկում է որպես այդ գործընթացի մի մաս՝ թեև դրա նախաձեռնող չի համարում անձամբ Վլադիմիր Պուտինին։ Նրա գնահատմամբ՝ Պուտինի կողմից Հայաստանի ինքնիշխանության ճանաչումը, նույնիսկ, գոյություն ունեցող մակարդակում տեղի է ունենում ոչ թե նրա ցանկությամբ, այլ քաղաքակիրթ աշխարհի պարտադրմամբ։
"Բնականաբար, այդ պարտադրանքը պայմանավորված չէ և հասցեագրված չէ միայն Հայաստանին։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, նրա միջազգային մեկուսացումն ընդհանուր գործընթացի, հավաքական Արևմուտքի քաղաքականության մի մասն է այն երկրի նկատմամբ, որը խախտում է միջազգային պայմանագրերը։ Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայում գերիների փոխանակումը նույնպես Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից հարկադրանքի, Մոսկվային պարտադրված մարդասիրական ակտ էր։ Հետեւաբար, մենք պետք է նման միտումներ ակնկալենք նաև Ռուսաստանի վերաբերմունքում Հայաստանի նկատմամբ", - ամփոփել է Արշակյանը։