Արմինֆո. ՙԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները կասեցված են քրեական հետապնդման առնչությամբ:
ՙԵվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։ Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Իրավական Հայաստանն այլընտրանք չունի՚, - գրել է Դավիթ Սանասրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ԱԾԾ մամուլի կենտրոնը տարածել էր հաղորդագրություն, որում ասվում է. ՙՀաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով՚: