Արմինֆո. Ֆինանսական դժվարությունների պատճառով "Սանիթեք" ընկերությունը, որը Երևանի սանմաքրման մենաշնորհային օպերատոր է, ի վիճակի չէ աշխատակիցներին վճարել օգոստոս ամսվա աշխատավարձը: Այդ մասին ասվում է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարությունում:
«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրությանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:
Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը: Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը», - ասվում է հայտարարությունում:
Նախօրեին քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանել էր, որ օգոստոս ամսին «Սանիթեք»-ին փոխանցվել է 165 միլիոն 340 հազար դրամ։ «Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին և ԶԼՄ-ներին այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չստանալու իրական պատճառները», - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել էր Հակոբ Կարապետյանը։