Արմինֆո. <Սանիթեք> ընկերության աշխատակիցները սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Աշխատողները բողոքում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել <Սանիթեք> -ի՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողացել օգոստոս ամսվա աշխատավարձը վճարել մոտ 600 մարդու։
Ընկերության աշխատակիցները պահանջում են Երևանի քաղաքապետարանից չվճարված գումարների փոխհատուցում։ Ցուցարարների խոսքով ՝ ընկերության տնօրինությունն իր հետագա քայլերի մասին ոչինչ չի հայտնում։
Ըստ առկա տեղեկությունների ՝ աղբահանության օպերատոր <Սանիթեք> ընկերությունը, որը զգալի պարտքեր է կուտակել եւ չի կարողացել պատշաճ կերպով կատարել քաղաքապետարանի հետ պայմանագրի շրջանակներում նախատեսված իր պարտավորությունները, Երեւանի շուկայից հեռանում է՝ որպես սնանկացած:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով <Սանիթեք>-ի աշխատակիցների բողոքներին, ըմբռնումով է մոտեցել նրանց կարիքներին և խորհուրդ տվել հավաքվածներին աշխատավարձերի հարցով դիմել անմիջապես ընկերության ղեկավարությանը: Քաղաքապետարանն առաջարկել է բոլոր աշխատակիցներին աշխատանքի տեղավորվել քաղաքային տնտեսության համապատասխան ծառայություններում։
Այսուհետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ <Սանիթեք> ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և <Սանիթեք Ինթերնեյշնլ> ՍՊԸ-ն չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Երևան քաղաքի ողջ վարչական տարածքում մատուցվող ծառայությունների մասով՝ Երևանի 12 վարչական շրջաններում աղբահանության և սանմաքրման ծառայությունները կիրականացվեն քաղաքապետարանի կողմից ձևավորված <Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում> հիմնարկի միջոցով: Քաղաքապետարանն այդ միջոցին դիմել է՝ Հայաստանի մայրաքաղաքում աղբային ճգնաժամի կարգավորման նպատակով: Արդեն մեծ քանակությամբ լրացուցիչ տեխնիկա և նոր կոնտեյներներ են բերվել մայրաքաղաք:
Քաղաքապետարանում հայտարարել են, որ այս պահին <Սանիտեքի> հետ ոչ մի համագործակցություն չկա, բոլոր բանակցությունները դադարեցվել են: