Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը Երեւանում ընթանում է բնականոն ռեժիմով:
Այս մասին Քոչարյանը հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ Լրագրողների այն դիտարկմանը, թե մտավախություն կա, որ մի շարք գործոնների առնչությամբ նիստը տեղափոխվի Մոսկվա, ինչպես, օրինակ, 2016-ի ապրիլին էր, կամ ՌԴ նախագահը չեղարկի այցը, Քոչարյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ մեկնաբանելու տարբեր տեսակի ասեկոսեներ ու ենթադրություններ։ "Հաջորդ նիստն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է բոլոր երկրների ղեկավարների կողմից, եւ այն տեղի կունենա նախանշված ժամանակացույցով։ Մենք չենք հրավիրել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, այդ թվում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ միջոցառմանը, որպեսզի սպասենք այցի հաստատմանը։ Սա համատեղ որոշում է, ու միջոցառումը տեղի կունենա Երևանում ՝ ՀՀ նախագահությամբ։ Այս կամ այն առաջնորդի գալու հարցն ընդհանրապես պետք չէ բարձրացնել, չեմ հասկանում, թե ինչու է այդ հարցն արհեստականորեն շրջանառվում", - ասել է Քոչարյանը, հավելելով, որ այլ բան է, որ նիստին հրավիրված են Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահը, եւ ահա նրանցից ակնկալվում էր միջոցառման մասնակցության հաստատում, որն ստացվել է։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, լրագրողի ճշգրտմանը, թե կարելի է արդյոք համարել, որ երկկողմ բարեկամական հարաբերություններում որոշակի հետընթաց է արձանագրվել, փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այնքան բազմակողմանի են, որ չի կարելի խոսել առանձին դրվագներով: "Անշուշտ, ռուսական էլիտան չէր կարող ողջունել հեղափոխությունը Հայաստանում՝ պարզ պատճառով, փոխվել է պետության կառուցվածքը։ Ռուսաստանը պետք է հաշվի նստի այն բանի հետ, որ բարձրագույն խորհրդում ներկայացված է վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Կան տարբերություններ, որոնց ընկալման համար ժամանակ է պահանջվում", - ասել է ՀՀ փոխարտգործնախարարը, հավելելով, թե բնական է, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձին հարցերում խնդիրներ կան, սակայն դրանք չեն ազդում ընդհանուր համագործակցության մթնոլորտի վրա։ Ընդ որում, Քոչարյանը հավաստիացրել է, որ հարաբերություններում որոշակի հարցերի առկայությունը նորմալ երեւույթ է, որը բնորոշ է բոլոր պետություններին, եւ, որպես օրինակ, նշել է ընթացիկ տարվա գարնանը ԵՄ եւ ԱՄՆ միջեւ տարաձայնությունները: "Սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարաձայնությունների առկայությունը չի խոսում այն մասին, որ նրանք դաշնակիցներ չեն", - ասել է նա: