


Արմինֆո. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակում հետևում և հետևելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով:
ՙԲացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը նաև ապահովում է շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է թեժ գծի հեռախոսահամարին ստացված և այլ միջոցներով հավաքագրված բողոքներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով ու մեկնաբանություններով՚, - ասվում է Արցախի ՄԻՊ աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:


