Արմինֆո.Մեկ անձի լեգիտիմության վրա հիմնված, Հայաստանի պարագայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարման համակարգը խիստ խոցելի է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ։
<Հետևաբար, այդ անձի լեգիտիմության կորուստը շատ լուրջ վտանգի տակ կդնի երկրի կառավարման համակարգը։ Հայաստանն արդեն մտնում է վտանգավոր փուլ, քանի որ քաղաքական դաշտի անվերապահ փլուզումը շատ լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել մեզ: Հայաստանում փաստացի միակ լեգիտիմ դերակատարն այսօր Փաշինյանն է, և հենց այդ հիմքի վրա են կառուցվել կառավարությունն ու խորհրդարանը>, - նշել է նա ։
Նման պայմաններում քաղաքագետը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ամենաբացասական սցենարը, երբ Փաշինյանի անկումը Հայաստանին կդնի լրջագույն խնդիրների առջև՝ ընդհուպ քաոսը և տարերային իրավիճակները։ Դանիելյանի գնահատմամբ ՝ հայ հասարակության հիմնական խնդիրն այսօր այդ սցենարի կենսագործումը թույլ չտալն է։
<Փաշինյանը մեզ դեռ պետք է, նախ և առաջ՝ իշխանության տարանցման համար հնարավորինս սահուն անցումային շրջան ապահովելու նպատակով։ Այս առումով նա հասարակության պաշտպանության կարիքն ունի: Սակայն, նա իր հերթին պետք է սթափ գնահատի իրավիճակը և աջակցի սեփական սահուն հեռանալուն ՝ առանց պետության և հասարակության համար հատուկ ցնցումների ։ Այս գործընթացի կազմակերպումը քայլերի հստակ հաջորդականություն է պահանջում>, - համոզված է նա ։
Մինչդեռ, Դանիելյանի գնահատմամբ, նման իրավիճակը կարելի էր կանխել ՝ իշխանափոխությունից հետո ստեղծելով ժամանակավոր, անկուսակցական կառավարություն և անցկացնելով խորհրդարանական ընտրություններ՝ մի շարք օրենսդրական փոփոխություններից հետո միայն։ Եվ նույնիսկ թվարկված բոլոր քայլերի բացակայության պայմաններում կարելի էր խուսափել խորհրդարանը հիմնականում կոճակների անդեմ սեղմողների կուտակման վայր դարձնելուց ՝ ընտրություններ անցկացնելով ոչ թե անցյալ տարվա դեկտեմբերին, այլ այս տարվա մայիսին ։
Այս դեպքում, ըստ քաղաքագետի, Ազգային ժողովն իշխանության շատ ավելի բազմադեմ մարմին կլիներ, որտեղ հնարավոր կլիներ հարցեր քննարկել: Այս ամենը կհանգեցներ իրավիճակի, երբ քաղաքական բանավեճի վայր դառնար Հայաստանի խորհրդարանը, այլ ոչ թե՝ Երևանի փողոցները ։