Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, այլ քաղաքական ուժերի հետ համատեղ, եթե այդպիսիք, իհարկե, կան, պետք է կարողանան երկրի քաղաքացիներին ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ սեփական մոտեցումները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
<Այդ նպատակով անհրաժեշտ է հավասարակշռված քննարկումներ անցկացնել ։ Եվ եթե դրանց արդյունքում պարզ դառնա, որ հանքի շահագործումն անհամատեղելի է բնապահպանության հետ, համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում կկայացնի ։ Իմ կարծիքով ՝ Հայաստանի վարչապետը որոշումների կայացման մեջ կախվածություն չունի որևէ մեկից։ Դա նրա ամենամեծ առավելությունն է>, - կարծում է նա ։
Ամուլսարի հանքը գտնվում է առողջարանային Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա: Ոսկու հետախուզված պաշարներով հանքավայրը Հայաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը ։ 2007-ին սկսված տեղանքի երկրաբանահետախուզությունն ավարտվեց 2015-ին ՝ հանքի արդյունահանման բնապահպանական և սոցիալական գնահատականով ։ Հանքի շահագործման դեմ հանդես են գալիս քաղաքացիական ակտիվիստներն ու բնապահպանները, որոնք այդ առնչությամբ կազմակերպել են զանգվածային բողոքներ՝ ստիպելով <Լիդիան Արմենիա> ընկերությանը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:
Տնտեսագետի գնահատմամբ՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Խաչատրյանը հիշեցրել է, որ երկրի ընդերքի մասշտաբային շահագործումը սկսվել է 1998 թվականից հետո, մինչ այդ նոր թույլտվություններ չեն տրվել: Ընդ որում, այդքան ծանր բեռ կրելու ոչ մեծ երկրի հնարավորությունների առնչությամբ որևէ հաշվարկ հանրապետությունում գոյություն չունի: Տնտեսագետը համոզված է, որ անհրաժեշտ է մասնագիտական հաշվարկներ իրականացնել ՝ պարզելու համար, թե արդյոք Հայաստանի քաղաքացիներն ընդհանրապես կարող են նորմալ ապրել նման միջավայրում: Մեկ այլ կարևոր քայլը, նրա կարծիքով, հանքարդյունաբերության ռազմավարության մշակումն է: Խաչատրյանը համոզված է, որ նման փաստաթղթի առկայությունը կկանխեր Ամուլսարի խնդրի առաջացումը ։
Նրա գնահատմամբ ՝ 2000-2018 թթ. Բնապահպանության նախարարությունը եւ Հայաստանի կառավարությունը բոլոր ուժերով նպաստել են բնության ավերմանը՝ հետնորդներին թողնելով անհեռանկար եւ ոչ մի պատասխանատվություն չկրող համակարգ: Այս պայմաններում Ամուլսարի ծրագրի նույն նախաձեռնողներն այսօր փորձում են դրա հետևանքների վրա քաղաքական դիվիդենտներ շահել՝ սեփական քաղաքական վերակենդանացման նպատակով ։
<Անձամբ ինձ համար սա պարզապես անթույլատրելի է, քանի որ 2011-ին Lidian Armenia-ի առջեւ դրված խնդիրները հաստատ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացման նպատակ չէին հետապնդում ։ Ոչ ոք մեզ չի հարցրել, մեր կարծիքը նրանց չի հետաքրքրել։ Այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր ունեն վստահություն և, համապատասխանաբար, հասարակության աջակցությունը։ Սակայն, այդ մարդիկ նույնպես որոշակի սահմանափակումներ ունեն, քանի որ արդեն պետություն են ներկայացնում ՝ դրան ուղեկցող բոլոր հետևանքներով ՝ պատասխանատվություն, խաղի կանոններ, միջազգային սկզբունքներ և այլն։ Այսօր իրավիճակի գլխավոր տարբերությունը խնդրի քննարկման և փոխընդունելի համաձայնության գալու հնարավորության առկայությունն է ։ Եվ անտեսել նման հնարավորությունը, իմ կարծիքով, չափազանց մեծ ճոխություն է>, - ամփոփել է տնտեսագետը ։