
Արմինֆո. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչպես Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, և այսօր ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը դուրս եկավ Ադրբեջանի կազմից ։
Ընդ որում, Մութալիբովը հավաստիացրել է, որ ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, Ադրբեջանը, ինչպես եւ բոլոր միութենական հանրապետությունները, իրավունք է ունեցել դուրս գալ Միության կազմից, մինչդեռ ինքնավար կազմավորումները նման իրավունքներ չունեին։ <Ինձ համար ոչ Փաշինյանի, ոչ էլ նրա խառնախմբից որևէ մեկի հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի ։ Կան միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի տարածք, և ոչ մի միջազգային կառույց չի վիճարկել մեր սահմանները ։ Ընդհակառակը, աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը>, - ասել Է Ադրբեջանի առաջին նախագահը, հայտնում է haqqin.az-ը:
Ընդ որում, նա նշել է, որ Փաշինյանը <դիլետանտ է քաղաքականության մեջ>՝ խորհուրդ տալով նրան ավելի ուշադիր ուսումնասիրել պատմական փաստաթղթերը, նախքան նման պաթետիկ հայտարարություններ անելը։ <Ադրբեջանը ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում ներառված է Լեռնային Ղարաբաղի հետ միասին, և դա արտացոլված է պաշտոնական փաստաթղթերում։ Ի դեպ, երբ Ադրբեջանը մտնում էր ԱՊՀ, անգամ Տեր-Պետրոսյանը (ՀՀ առաջին նախագահ - խմբ.) ոչ մի խոսք չասաց Լեռնային Ղարաբաղի մասին ։ Նա, ինչպես եւ ԱՊՀ բոլոր նախագահները, ճանաչել է Ադրբեջանը՝ գոյություն ունեցող սահմանների շրջանակներում։ Այնպես որ՝ պետք չէ բանավիճել մի մարդու հետ, ով մինչև հիմա չի հասկացել այդ խնդրի ծագումնաբանությունը և խճճվել է իր
հայտարարությունների մեջ>, - ամփոփել է Մութալիբովը։
Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, մասնավորապես, ասել էր. <Բոլորը մոռացան, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, եւ դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաեւ Հայաստանից>: