Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերի եւ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի ստորագրությամբ այսօր ավարտվել են Գերմանիայի կողմից Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացակարգերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից ։
Դեսպանատանը նաեւ տեղեկացրել են, որ այդ կապակցությամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաեւ Գերմանիայի փոխարտգործնախարար, Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Միխայել Զիբերտը (Michael Siebert):
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հաղորդել էր նաեւ, որ Գերմանիան օգոստոսի 23-ին Եվրոպական խորհրդին տեղեկացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Մալթայի կողմից: