Արմինֆո.Հանդիսանալով Եվրոպական քաղաքակրթության և արժեհամակարգի անբաժանելի մաս՝ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
<Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։
Կարևորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում: Մեծապես արժևորում ենք մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ։ Այս տեսակետից կառանձնացնեի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը։ Եվրոպական գործընկերների հետ մեր համագործակցության կոնտեքստում կուզենայի առանձնահատուկ գոհունակությամբ նշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը։
Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում, կարևոր ներգրավածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում:
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս ընդգծվում է մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար: Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը>,- ՀՀ ԱԳ նախարարը: