Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելուե պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասինե որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում են ծրագրի նկարագրությունը և պայմանները, կարգավորվում են ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28.500.000 դրամի չափով հիպոթեկային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Մասնավորապես, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը՝ հետ է վերադարձվում վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին: Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ: Ի դեպ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից:
Վարչապետը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:
Անդրադառնալով մարզերում բնակարանների առաջնային շուկայի ձևավորման հարցին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել է, որ մարզերում նախատեսվում է կառուցվել 30 նոր բազմաբնակարան շենք: «Մասնավոր ներդրումների ծրագիր է, և վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելուե,- ասել է կոմիտեի նախագահը: