Արմինֆո.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի հավաստմամբ, նախօրեին իր իսկ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:
ՙՀաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ՚, - գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստում, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ. դ., Հայաստանի ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Շուտով բուհի մի շարք դասախոսներ նրան մեղադրեցին գրագողության մեջ, ինքը ՝ Հայրապետյանը, խոստովանում է, որ իր դոկտորական ատենախոսության տեսական մասում խնդիրներ կան, ընդգծելով, որ այնտեղ բացակայում էին հղումները, սակայն գրագողության մեղադրանքները հերքում է։