Արմինֆո. Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտում վարչարարության համակարգը կպարզեցվի։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում հավանություն է տվել Ընդերքի մասին օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխություններին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքերով, փաստաթղթերն ուղղված են ոչ մետաղական հանքավայրերի յուրացման ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը: Փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է բացառել հնարավոր բոլոր տեղեկանքների ներկայացման ընթացակարգը, քանի որ լիազոր մարմինն ունի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը յուրաքանչյուր հանքավայրի վերաբերյալ: Սահմանվում են նաեւ անհրաժեշտ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման ժամկետները, ինչը, փոխնախարարի խոսքով, անհրաժեշտ է տվյալ գործընթացի առավել հստակ կազմակերպման համար: Կանոնակարգվում է նաեւ հանքավայրի նկարագրության կարգը, այդ թվում՝ ենթակառուցվածքների ստեղծման եւ լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընդերքի վրա: Այդ աշխատանքի իրականացման համար կներդրվի մեկանգամյա թույլտվության մեխանիզմ։ Ստորգետնյա պահեստների շինարարության ժամանակ, բացի մեկանգամյա թույլտվությունից, անհրաժեշտ կլինի ստանալ նաև կառավարության որոշումը։ Այդ դրույթների խախտման դեպքում կկիրառվեն տուգանային պատժամիջոցներ, ինչի կապակցությամբ փոփոխություններ են մտցվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Մեկանգամյա թույլտվություններ ստանալու համար կպահանջվի 20 հազար դրամ պետական տուրքի վճարում։
Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ, հաշվի առնելով "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցման նախագծի շրջանակներում իրականացվող լայնածավալ աշխատանքները, դոտացիոն նախագծերի իրականացումը, անհրաժեշտություն կա երկրի խորհրդարանում փաթեթը քննարկել անհետաձգելի քննարկման ռեժիմով