Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով: Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օգոստոսի 15-ին ներկայացված հայցով գործը կքննի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:
Նշենք, որ Երևանի ավագանու նախկին անդամ, ՙԱյլընտրանքային քաղաքապետարան՚ նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես նոր, այնպես էլ հին մայրաքաղաքային իշխանության օրոք քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Հենց Աղեկյանն է եղել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խոշոր սկանդալի կիզակետում։ Այն ժամանակ նա Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի կեղտաջրերով լի տարա էր բերել ավագանու նիստին։ Այն ժամանակ, Աղեկյանի գործողությունները դրական էին գնահատվել հասարակության շրջանում: Սակայն նոր քաղաքապետի օրոք Աղեկյանի նույն գործողությունները վրդովմունքի ալիք են առաջացրել, շատերը վրդովվեել են, թե ինչու ոստիկանությունն անհրաժեշտ կերպով չի արձագանքում քաղաքապետարան կեղտաջուր բերելու փաստին։ Այնուհետև Աղեկյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և վարչական արձանագրություն կազմելուց հետո ազատ արձակվել։ Իսկ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աղեկյանը պնդել էր, թե կոռուպցիան քաղաքապետարանում աննախադեպ չափերի է հասել։