Արմինֆո. Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ Ամուլսարի հանքավայրի մշակման ընթացքում կոռուպցիոն սխեմաների մասին տեղեկությունները ստուգելու խնդրանքով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:
"Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով", - ընդգծել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Երեւանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ակցիայի մասնակիցներին, սակայն վերջիններիս չի բավարարել այդ հանդիպումը, որից հետո Facebook-ում ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը փաստացի "կանաչ լույս է վառել" հանքավայրի շահագործման համար:
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, իր հերթին, գրել է, որ կառավարությունում Ամուլսարի մշակման հիմնական լոբբիստներն են
փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Գրիգորյանը նրանց մեղադրել է վարչապետի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ՝ բնապահպանական տեսչության կողմից կայացված ստուգումների ակտերն անվավեր ճանաչելու նպատակով։ Գրիգորյանն ընդգծել է, որ լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերության կողմից կատարված փորձաքննության արդյունքները կեղծ են։ Տեսչության նախկին ղեկավարը նշում է, որ այդ ամբողջ ընթացքում երկրի քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, ինչը բացատրվում է սովորական կոռուպցիոն սխեմայով:
Համանման դիրքորոշում է հայտնել նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով, ի տարբերություն Գրիգորյանի, փաստեր չի ներկայացրել՝ գրելով միայն հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիայի մասին։