Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում ներկայացրել է Կառավարության որոշման արդյունքում հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները:
ՙԳնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:
Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:
Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի՚, - գրել է վարչապետը:
Դեռ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին տարեդարձին նվիրված մեծ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել: Այսպես, հաշվի առնելով այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային մուտքերը, կառավարությունը հարկային եկամուտների գծով իր ակնկալիքները տարեվերջին վերանայել էր 62 մլրդ դրամով կամ 129 մլն դոլարով: Հարկային մուտքերի ցուցանիշի գերազանցման շնորհիվ հաջողվել էր գնալ բյուջեի ծախսային հոդվածների ավելացման։ Մասնավորապես, տեղեկացվել էր, որ հունիսի 1-ից զինծառայողների դրամական բավարարումը կբարձրացվի 20-30 տոկոսով, իսկ սեպտեմբերի 1-ից կբարձրացվի ուսուցիչների աշխատավարձը: Եվս 5,7 մլրդ դրամ կուղղորդվի զինծառայողներին բնակարաններով ապահովմանը։