Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին:
Նշենք, որ վարչապետի հետ քննարկումից հետո Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները, բնապահպաններն ու Ջերմուկ քաղաքի բնակիչները դժգոհություն էին հայտնել տեղի ունեցած հանդիպումից: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարչապետը հանդիպման մասնակիցներին ասել է հետևյալը. այս պահին հիմքեր չկան, որպեսզի <Լիդիան Արմենիա> ընկերությունը դադարեցնի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նրանք նոր փորձաքննության կարիք չեն տեսնում, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. < Մենք այս պահին նոր փորձաքննություն անցկացնելու հիմքեր չենք տեսնում> ։ Այնուհետև ակտիվիստները, ի նշան բողոքի, որոշել են փակել Բաղրամյան պողոտան, շատերը շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք ։ Նրանք պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել Ազգային ժողովի այգում, սակայն իրավապահ ուժերը փակել են նրանց ճանապարհը ։ Ոստիկանության աշխատակիցների և բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել ։ Իրավապահները սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին ։ Ոստիկանության տվյալներով ՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել 6 քաղաքացի։
Մինչդեռ, այս պահին <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության գրասենյակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների դռնփակ քննարկումը ։