Արմինֆո.Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: ՙՀայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին՚, - հավելել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշել էր, որ հայ զինվորականները հետ են վերցրել 140 հա դիրքեր, ռազմավարական առումով կարեւոր երեք դիրք, որտեղից հաջողվել է վերահսկել նաև Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարը եւ հայ-վրացական ճանապարհը:
Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ՀՀ զինված ուժերը խոշոր ռազմա-ստրատեգիական հաջողության են հասել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ըստ աղբյուրների, խոսքը տվյալ դեպքում երկրի հյուսիսարևելյան հատվածի մասին է, որը գտնվում է երեք պետությունների ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետում, Տավուշի մարզի Բերդավան և Զորական գյուղերից հյուսիս-արևելք գտնվող տարածքի մասին է։ 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ կարողացել են ազատել և/կամ թշնամական վերահսկողությունից դուրս բերել շուրջ 140 հեկտար պատմական հայկական տարածք: Որոշ հատվածներում մեր մարտիկների առաջխաղացումը կազմել է ավելի քան 1,5 կմ։ Բացի այդ, "չեզոք" տարածքով դեպի Հայաստան անցնող բազմաչարչար գազատարը այժմ գտնվում է հայկական ուժերի լիակատար վերահսկողության ներքո։ Հաջող գործողությունների արդյունքում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է խափանել թշնամական խոշոր սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն հաստատել Հայաստանից Վրաստան տանող պետական նշանակության ավտոճանապարհի մի մասի նկատմամբ: Ավելին, հակառակորդի համար անսպասելի հայկական զորքերի առաջխաղացման արդյունքում պետական սահմանի տվյալ հատվածում իրավիճակն այժմ արմատապես փոխվել է ։ Այժմ հայկական ուժերի գրաված գերակա դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջանից Վրաստան տանող ռազմավարական ավտոմայրուղին։ Խոցման գոտում է հայտնվել նաև Հանրապետության Ղազախ (Հալխալ) շրջանի Իքինջի Շըխլի ավանը, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանին՝ նրա բոլոր ցանքատարածություններով և գյուղական արոտավայրերով։ Բայց դա էլ դեռ ամենը չէ: Երկրորդ ուղղությունը Տավուշի մարզի Չինարի գյուղն է, որը բազմիցս ենթարկվել է թշնամական գնդակոծությունների և դիվերսիոն հարձակումների։ Այս ուղղությամբ մեր մարտիկներին հաջողվել է տիրանալ երեք առանցքային բարձունքներին և, վերջապես, ապահովել գյուղի և նրա բնակիչների անվտանգությունը։ Այս գործողությունը նաեւ թույլ է տվել վերացնել Չինարիից հյուսիս-արեւելք գտնվող Խորանաշատ բազմաչարչար վանական համալիրի (XIII դ.) շրջափակումը", - հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: