Արմինֆո. Վրաստանում մեկնարկում են դեպի Հայաստան ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը, վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության հաղորդագրությունը, օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլ-ԳուԳուտ ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլ-Գուգուտ ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:
ՙՀաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել այդ ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը՚, - ասվում է ՀՀ ՊԵԿ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցման նախագծի իրականացման համար միլիոնավոր դոլարներ են ներդրվել, իսկ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա զրոյական է։ Ինչպես կարծում է վարչապետը, այս հարցում կարևոր է ռազմավարական պլանավորումը։ Օրինակ ՝ մինչ այժմ Վրաստանի հետ համաձայնագիր չկա "Հյուսիս - Հարավ" ճանապարհի կառուցման մասին։ Որպես օրինակ՝ նա մատնանշել էր այն փաստը, որ մինչև Գոգավանի անցակետ Հայաստանի տարածքում կառուցվել է հիանալի ճանապարհ, բայց Վրաստանի տարածքում վատ ճանապարհների պատճառով դրանից ոչ ոք չի օգտվում։ Եվ հակառակը՝ մինչև Բագրատաշենի անցակետ Հայաստանի տարածքում ճանապարհը գտնվում է սարսափելի վիճակում, իսկ Վրաստանում այդ հատվածում ճանապարհը հոյակապ է։ Այս ամենը, ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը, վկայում է ռազմավարական պլանավորման համակարգի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Վրաստանում ընթանում են Նինոծմինդա (Վրաստան) - Բավրա (Հայաստան) ճանապարհի կառուցման մրցութային ընթացակարգերը, որը ներկայումս աղետալի վիճակում է:
Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին, սակայն այժմ ժամկետները հետաձգվում են 5-10 տարով։ Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, "Հյուսիս-Հարավ" ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: