Արմինֆո. Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:
ՙԻնչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում: Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմում հայտնվելուց ժամեր անց ԱՀ ԶՈՒ-ն հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում են գլխի ծոծրակային կողմի կապտուկները, սրունքներին քերծվածքները, ինչպես նաեւ ձախ ձեռքի վնասվածքներ: Բայց լուսանկարներում հայ զինծառայողի դեմքը չի երևում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում, քանի որ մոլորվել է տեղանքում: Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայ զինծառայողը լքել էր դիրքը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Ղազարյանի մարմնի վրա թեթև քերծվածքները և սովորական սպիները ներկայացված են որպես նրա նկատմամբ բռնության ապացույց։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը՝ հանրությանը կոչ անելով չհավատալ ադրբեջանական կողմի կեղծ մեղադրանքներին, որոնք նպատակաուղղված են հայ զինվորի իմիջը նվաստացնելուն, եւ սպասել շարունակվող հետաքննության ավարտին, որի արդյունքները կհրապարակվեն:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես անդրադարձել է միջադեպին, հայտարարելով, որ շփվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Հետագայում հայտնի դարձավ, որ ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում այդ հարցի շուրջ։ Արցախի ԱԳՆ-ն, իր հերթին, հաղորդել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ՝ ադրբեջանական կողմում գերի ընկնելու փաստի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունը: ԱԳՆ հայտարարության համաձայն, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենադարձելու ուղղությամբ: