Արմինֆո. Վրաստանի իշխանությունները մի քանի օրից համաձայնագիր կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի (Մցխեթ - Մտիանեթ) 23 կմ շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին, որը կսկսվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: "Դա կլինի Եվրոպայի բարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով: Իհարկե, նախագծին պետք են ներդրումներ, եւ դրանք արդեն ներգրավված են եւ (համապատասխան համաձայնագրերը) ստորագրված են", - ասել է Բախտաձեն։ Նոր ճանապարհի կառուցման նախագիծը ենթադրում է վեց կամուրջների եւ հինգ թունելների կառուցում, որոնցից մեկի երկարությունը կհասնի ինը կմ: Նոր ճանապարհին նախատեսվում է նաև 500 մետրանոց կամարակապ կամրջի կառուցում ։ Կամրջի կամարի երկարությունը կկազմի 300 մետր։ Նոր ճանապարհը թույլ կտա ժամանակը կրճատել 1 ժամից մինչեւ 20 րոպե, այն 12 կիլոմետրով ավելի կարճ կլինի այժմ գոյություն ունեցող ճանապարհից: Շրջանցիկ ճանապարհի կառուցումը թույլ կտա ավելացնել թողունակությունը, ինչը, իշխանությունների մտահղացմամբ, դրական կանդրադառնա Վրաստանի ապրանքաշրջանառության չափի վրա ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի հետ: Նախագծի ընդհանուր արժեքը 558,6 մլն դոլար է: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) օգոստոսի 1-ին հաստատել է ճանապարհի կառուցման համար 415 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը: ԱԶԲ-ից բացի նախագծին կմասնակցեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը կհատկացնի 60 մլն դոլար, եւ Վրաստանի կառավարությունը, որը պատրաստ է ներդնել 83,6 մլն դոլար:
Հավելենք, որ Հայաստանի համար Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ճանապարհը բեռների եւ ուղեւորների տեղափոխման միակ ցամաքային ուղղությունն է: Ներկայիս ճանապարհը հաճախ փակվում է ձնահյուսերի, սողանքների պատճառով։