Արմինֆո. Ռուսաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունի լիովին ձևավորված դաշինք, ընդ որում՝ ուղղված ՆԱՏՕ-ի դեմ։ Հաստատումը՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին-Անկարայի հայտարարությունների, և, իհարկե, Թուրքիային Բրյուսելից հեռացնելու մասին հայտարարությունների բացակայությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Սակայն Թուրքիայի և Արևմուտքի միջև խնդիրներ կան, ընդ որում ՝ բազմապլանային բնույթի և մակարդակի։ Օրինակ, Եվրամիությունը հաճախ Անկարային մեղադրում է մարդու իրավունքների խախտումների և Եվրոպայում ընդունված ժողովրդավարական արժեքներին ու չափանիշներին համապատասխան գործելու ցանկության բացակայության մեջ։ Այս ամենը զգալիորեն խորացել է Կիպրոսի ջրատարածքում թուրքական երկրաբանական հետախուզությամբ՝ պատճառ դառնալով Բրյուսելի խիստ բացասական արձագանքի։ ինչի ի պատասխան՝ Թուրքական չորս հիմնական խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու ԵՄ որոշումը", - նշել է նա։
Նրա խոսքով՝ ստորջրյա և վերջրյա քարեր կան նաև ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Մասնավորապես, Անկարան մինչ օրս չի կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնելու զինվորականների անհաջող փորձից հետո։ ԱՄՆ տարածքում բնակվող և գործող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն էլ ավելի է ամրապնդում Թուրքիայի գործերին ամերիկացիների միջամտության վերաբերյալ Ռեջեփ Էրդողանի՝ տեսլականը։ Թուրքերն ԱՄՆ-ին դատապարտում են նաև նրանց, թող որ, իրավիճակային, բայց քրդերին աջակցության համար։
Այսպիսով, նման ֆոնին Անկարան, վերլուծաբանի գնահատմամբ, Մոսկվայի հետ հարաբերությունները դիտարկում է որպես հակակշիռ Արևմուտքի ախորժակներին և իր հանդեպ քննադատություններին։ Ընդ որում, այդ հարաբերությունները բավականին սահմանափակ են, եւ դրանց կողմերի միջև գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ: Օրինակ՝ Ղրիմի պատկանելության հարցում։ Մարկեդոնովի կարծիքով՝ տարբեր են Մոսկվայի եւ Անկարայի կողմից արմատական իսլամիզմի գնահատականները։ Այնպես որ, եթե արմատական իսլամիստները Ռուսաստանի համար գլխավոր թշնամիներն են Մերձավոր Արևելքում, ապա Թուրքիայի համար գլխավոր թշնամին քրդերն են։ Անկախ Քրդստանի հեռանկարն Անկարայի համար շատ ավելի վտանգավոր է, քան արմատական իսլամիզմը։
"Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղը, որտեղ Մոսկվան փորձում է հանդես գալ մոդերատորի դերում ՝ զուգահեռաբար Երեւանի եւ Բաքվի հետ հարաբերություններ կառուցելով, հնարավոր է՝ որոշ շեղումներով առաջինի կողմը։ Ընդ որում, երկրորդի հետ հարաբերությունները Մոսկվան բարձր է գնահատում, ինչին Ադրբեջանը պատասխանում է փոխադարձությամբ։ Մինչդեռ Ղարաբաղի նկատմամբ թուրքական մոտեցումը բացարձակ ադրբեջանամետ է. Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Հասկանալի է, որ, հաշվի առնելով ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, Ռուսաստանի համար դա, ակնհայտորեն, ամենալավ տարբերակը չէ", - եզրափակել է Մարկեդոնովը: