Արմինֆո.Այսօր Արարատբանկի 3մլն դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը (AMARBKB2KER7) ցուցակվեցին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 5․5%, իսկ մարման ժամկետը՝ 51 ամիս։ Արժեկտրոնների վճարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Արարատբանկի 8-րդ ընթացիկ ցուցակումն է AMX-ում և 6-րդ դոլարային ցուցակումը։
ՙԱյսպիսով, անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են գնել և վաճառել այս թողարկման պարտատոմսերը բորսայում։ Ցուցակումը հնարավորություն է տալիս նաև կատարել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ՚, - նշված է հաղորդագրությունում։
«Արարատբանկը հաջողությամբ է իրականացրել իր 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների և ներդրողների շրջանում, ինչպես նաև ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Ֆոնդային բորսայի հետ համագործակցության շնորհիվ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ Abond ցուցակում», - նշել է բանկի ներդրումային բանկային ծառայությունների վարչության պետ Վաչիկ Գևորգյանը։
Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն Արարատբանկի հետ սկսվել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ՝ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև՝ միջնորդավորելով ռեեստրավարման և պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով և պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության իրավունքը։ Իսկ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր՝ Արարատբանկը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իր մասնաճյուղերում ստանալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ և կատարել այլ փոփոխություններ կապված կենսաթոշակային ֆոնդի ու ֆոնդի կառավարչի ընտրության հետ։
Արարատբանկի և Ֆոնդային բորսայի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ «AMX ֆոնդային բորսա» ամենամյա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է։ Արարատբանկը երկու տարի անընդմեջ ստանում է մրցանակբաշխության գլխավոր «AMX բորսայի անդամ» մրցանակը։
Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:
Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականին, իսկ 2007թ.-ի օգոստոսին վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: Արարատբանկը մատուցում է ֆինանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Այսօր հայաստանյան ֆինանսական շուկայում Արարատբանկը կայուն դիրք է զբաղեցնում երեք հիմնական ուղղություններով՝ ավանդական, թվային և ներդրումային բանկային ծառայություններով։