Արմինֆո. Սյունիքի մարզի (Լեհվազ-Վարդանիձոր հատված) խոշոր հրդեհի կապակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Այդ մասին ԱԻՆ ղեկավարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
<Աշխատանքային խմբին ներկայացրել եմ իրավիճակը դեպքի վայրում, որի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում՝ պլանավորվել են հրդեհաշիջման հետագա աշխատանքները ըստ գերատեսչությունների:
Իմ հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի: Քանի որ հրդեհի գոտում կապի միջոցների հաճախակի խափանումներ են լինում՝ իմ հանձնարարությամբ օպերատիվ շտաբի քարտուղար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի ղեկավարած փրկարարների խմբի հետ դեպքի վայր է ուղարկվել նաև ԱԻՆ կապի մեքենան, որը թույլ կտա վերականգնել դեպքի վայրի և շրջակա տարածքի կապը: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար կիրականացվի նաև օդային հետախուզում: Հարգելի հայրենակիցնե՛ր
նորից խնդրում և հորդորում եմ հրդեհավտանգ գոտիներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Ձեր անփույթ վարքագիծը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ>,- գրել է նա:
Նշենք, որ նախօրեին <Արևիկ> ազգային պարկում բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել ։ Սակայն, անտառային հրդեհի տարածման վտանգ դեռ կա։
Նախնական տվյալներով ՝ հրդեհի օջախները գտնվում են դժվարամատչելի շրջաններում, այրվում են գիհու եւ եղեւնու անտառային զանգվածները: Ծառերը մոտավոր հաշվարկներով 300-400 և ավել տարեկան են:
Ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարների, ոստիկանության ուժերի արագ մոբիլիզացիայի շնորհիվ այսօր առավոտյան հրդեհը հաջողվել է տեղայնացնել ։ Մնում են մնացորդային օջախների մարման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ հրդեհն ընդգրկել է 12 հա տարածք, որից 4 հա-ն <Արևիկ> ազգային պարկի գիհու անտառն է։