Արմինֆո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է 15 հարց, որոնցից շատերի կապակցությամբ հասել ենք համաձայնության՝ հիմք նախապատրաստելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար: Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Նիստի օրակարգային հարցերից կցանկանայի առանձնացնել, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցը: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը:
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մոտ ապագայում վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ։
Եվս մեկ հարց, որը միտված է Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։ Այս որոշմամբ նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թվականների համար: Ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը կօգնի մեր ֆերմերներին ավելի լավ կողմորոշվել ԵԱՏՄ շուկաներում և ավելի արդյունավետ պլանավորել իրենց ռազմավարությունը:
Նաև կցանկանայի առանձնացնել այն հարցը, որով նախատեսվում է մինչև 2025 թվականը մշակել և հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին կխնդրեմ ավելի մանրամասն անդրադառնալ Խորհրդի որոշումներին, բայց մինչ խոսքը Տիգրան Սարգսյանին փոխանցելը հաճույքով կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:
Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է Միության անդամ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը։ Միաժամանակ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կկայանա միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկային ներուժըե թեմայով: Քննարկվելու են մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր: Ակնկալում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ակտիվ մասնակցությունն այս միջոցառմանը>,- ասել է նա: