Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից,
ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված
հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված
742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110մլրդ
500մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182մլն ՀՀ դրամը:
ՙԲացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15մլրդ 768մլն դրամի վնաս, առկա
դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ
գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված
կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև
ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով: Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը
նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության
նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1մլրդ 413մլն ՀՀ դրամի
չափով, ինչպես նաև՝ 1մլրդ 952մլն ՀՀ դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից
չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ
վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել
1մլրդ 943մլն ՀՀ դրամը՚, - ասվում է հաղորդագրությունում։