Արմինֆո. Երևանի բնակիչ Յուրի Վարդանյանին 1.6 մլն եվրո պետք է վճարենք ոչ թե մենք՝ հարկատուներս, այլ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատը ՝ Արմեն Գևորգյանը, Դավիթ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը և, իհարկե, դատավոր Արման Մկրտումյանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
Հուլիսի 26-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության նկատմամբ աննախադեպ վճիռ է կայացրել՝ Յուրի Վարդանյանին 1,6 մլն եվրո վճարելու պահանջով։ Վարդանյանների ընտանիքին պատկանող տունն ու հողը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ճանաչվել են գերակա հանրային շահի օբյեկտ և օրինական տերերից օտարվել են իրական արժեքի միայն մի մասը կազմող գումարով։
"Այսօր ես ակնկալում եմ, որ կյանքի կկոչվեն այն դատավորների նկատմամբ անցումային արդարադատության և վեթթինգի ներդրման վերաբերյալ մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված առաջարկությունները, որտեղ նա որպես չափանիշ մատնանշել է հենց ՄԻԵԴ որոշումները Հայաստանի վերաբերյալ։ Այսուհետ անհնար է շարունակել անպատիժ ընդունել քաղաքացիների իրավունքները ոտնահարող, անարդար որոշումներ դատական համակարգում", - համոզված է վերլուծաբանը։
Եվ մինչ կառավարության կողմից համապատասխան որոշում կայացնելը, որը ֆինանսական պատասխանատվություն է դնում վճիռներ կայացնողների վրա, նրա կարծիքով, անհրաժեշտ է գտնել մի միջոց, որը թույլ տա ՄԻԵԴ որոշումների համար բեռը բարդել 2000-ական թվականների համար պատասխանատու պաշտոնյաների վրա, երբ Հայաստանում, Սաֆարյանի բնորոշմամբ, դատական աղետ է տեղի ունեցել։
Սաֆարյանի գնահատմամբ ՝ 2000-ականներին Հայաստանում ի դեմս իշխանության գործում էր կազմակերպված հանցավորություն։ Եվ արդարադատություն, իր ոտնահարված իրավունքների պաշտպանություն փնտրող ցանկացած քաղաքացի բախվում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և, վերջապես, հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառուցած խուլ պատին։
"Այս ողջ հանցավոր գործունեության արդյունքն այսօր ակնհայտ է. Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների տրցակը՝ խաբված և այն ժամանակվա իշխանության մի նեղ խմբի շահերից ելնելով խաբված և կողոպտված քաղաքացիների հայցերով։ Վարդանյանի գործով որոշումն այս իմաստով այսբերգի գագաթն է միայն: Հետևաբար, այսօրվա դատավորները պետք է հարյուր անգամ մտածեն այս կամ այն վճիռը կայացնելուց առաջ, մտածեն ոչ թե իշխանությունների, այլ օրենքի առաջ սեփական պատասխանատվության մասին։ Նրանք պետք է զգուշանան, որ իրենց որոշումները կարող են բողոքարկվել ՄԻԵԴ-ում և հենց իրենց համար խնդիր դառնալ։ Սա խնդրի իրական լուծում է", - ամփոփել է Սաֆարյանը։