Արմինֆո. Մենք ոչ մի փաստ չունենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը Սեւանի սիգից պահածոներ արտադրող ընկերության սեփականատերն էր։ Այս մասին հուլիսի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝ անդրադառնալով Սեւանա լճում ձկան ապօրինի որսի դեմ ոստիկանության պայքարին։
Նա նշել է, որ նախաքննական մարմիններն ուսումնասիրում են ընկերության գործունեությունը: "Սիգի որսը եւ վաճառքը բոլորիս անհանգստացնում է, ոստիկանությունը տարիներ շարունակ պայքար է մղել այդ երեւույթի դեմ, բայց այդ խնդրով զբաղվում են նաեւ այլ լիազոր կառույցներ", - ընդգծել է Օսիպյանը:
Նշենք, որ բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն օրերս հայտարարել էր, որ Սեւանի սիգի պահածոների վաճառքով եւ արտահանմամբ, որի որսն արգելված է, զբաղվող ընկերություններից մեկը՝ "Գալիլիան", պատկանում է Գեղուշ Գալոյանին, որը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ Սակայն 2018-ին Գեղուշ Գալոյանն իր բաժնետոմսերի 40% - ը փոխանցել է ոմն Անուշ Մնացականյանի անունով։ Իսկ մինչ այդ ընկերությունը զբաղվում էր ոչ միայն Հայաստանում սիգից պահածոների վաճառքով, այլև արտահանում Էր Ռուսաստան և ԱՄՆ։ Ուշագրավ է, սակայն, որ 2014-2017թթ. "Գալիլիա" ՍՊԸ տնօրենը Վահե Գուլանյանն էր, որն այժմ "Սևան" ազգային պարկի տնօրենն է։
Ինքը՝ Վլադիմիր Գասպարյանը, հերքել է իր և զոքանչի մեղսակցությունը ձկան պահածոների արտադրությանը, հավաստիացնելով, թե տարածքը, որը պատկանում է իրեն, վարձակալության է հանձնվել, և ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի Սեւանում սիգի որսը արգելված է, քանի որ այդ ձկնատեսակը ոչնչացման վտանգի տակ է։