Արմինֆո. Իրավիճակն առաջնագծում վերջին մեկ-մեկուկես տարում, չհաշված կարճաժամկետ սրացումները, ընդհանուր առմամբ, կայուն հանգիստ է: Հուլիսի 23-ին ՙՕրբելի՚ կենտրոնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված քննարկումների ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ընդ որում, նա դժվարացել է ասել, թե ինչով է պայմանավորվածայդ անդորրը՝ դա թողնելով փորձագիտական շրջանակների դատին։ Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը դրական է համարել միտումը, քանի որ դա թույլ է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել մարտական պատրաստությանը։
ՙՍակայն, առաջնագծում լարվածության թուլացմանը զուգընթաց, մենք տեսնում ենք հակառակորդի կողմից մարտական պատրաստության ինտենսիվացում կամ դրա իմիտացիա, ինչն արտահայտվում է ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացման հաճախականությն ու դրանց մասշտաբայնության մեծացմամբ՚, - նկատել է Հովհաննիսյանը ՝ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական բանակի ինտենսիվ սպառազինության եւ ԱՀ իշխանությունների ագրեսիվ հռետորաբանության վրա: Այդուհանդերձ, ՊՆ մամուլի քարտուղարի կարծիքով, վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների տոնայնության ագրեսիան փոքր-ինչ թուլացել է:
Խոսելով Հայոց բանակի մասին ՝ Հովհաննիսյանը փաստել է, որ զինված ուժերը շարունակում են զինվել և արդիականացվել։ ՙՇարունակվում է ժամանակակից ռուսական կործանիչների գնման գործընթացը։ Բացի այդ, ինչպես արդեն երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը, գնումների գործընթացում անակնկալներ են սպասվում։ Խաղաղության պահպանման լավագույն եղանակը սեփական զինված ուժերի մարտունակության բարձրացումն է՚, - նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
Միեւնույն ժամանակ, նա համաձայնել է այն կարծիքին, որ Հայաստանը չի կարող մի ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցություններ վարել։ ՙԲայց ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել շանտաժի լեզվով։ Պետք է հասկանալ. կամ մենք բանակցում ենք, կամ կրակում ենք։ Մենք նույնպես կարող ենք կրակել, նույնիսկ՝ ավելի լավ, քան հակառակորդը: Ադրբեջանում պետք է հասկանան, որ իրենք ուժային հռետորաբանության մենաշնորհատեր չեն՚, - ասել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ադրբեջանին այնպիսի զենք վաճառելու արգելքի մասին օրինագծին, որը կարող է կիրառվել Արցախի քաղաքացիական ուժերի դեմ, Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանում միայն ողջունում են նման նախաձեռնությունները: ՙԼավ կլիներ, որ աշխարհի բոլոր երկրներում նման օրենքներ ընդունվեին՚, - եզրափակել է նա: