Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, այն հստակ ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այդ մասին հուլիսի 23-ին ՙՕրբելի՚ կենտրոնում ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նա հիշեցրել է, որ Երեւանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանրահայտ սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ բանակցությունների բոլոր փուլերում Հանրապետության իշխանությունների ներգրավվածությունը, համապարփակ խաղաղության հասնելու համար:
Նաղդալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը Հայաստանի համար առաջնահերթություն է: Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի խաղաղությանը նպաստող մթնոլորտ:
Ավելին, ընդգծել Է նա, Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ և ինքնուրույն որոշի իր ճակատագիրը ։ Հարցին, թե արդյոք այսօր կարող է գտնվել հակամարտության բոլոր կողմերին բավարարող լուծում, եթե հաշվի առնենք նրանց դիրքորոշումներում առկա տարաձայնությունները, Նաղդալյանն ընդգծել է, որ սխալ են այն ենթադրությունները, թե Երեւանը միակողմանի զիջումների կգնա, միայն թե խաղաղ ճանապարհով լուծի հակամարտությունը: ՙՉի կարող ընդունելի լինել այնպիսի որոշում, որը կվտանգի Արցախի անվտանգությունը։ Մեր դիրքորոշումն անսասան է. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը և դրանից բխող հանրապետության կարգավիճակը մեզ համար առաջնահերթություններ են՚, - հայտարարել Է նա, ընդգծելով, որ կարգավիճակի հարցը պետք է որոշի Արցախի ժողովուրդը։
Նա կրկին ընդգծել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը: Հարցին, թե հակամարտության կողմերի փոխգործակցության հումանիտար առումով ինչ-որ տեղաշարժ կա, Նաղդալյանն ասել է, որ փոխգործակցությունը պարբերաբար տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների եւ նման բնույթի այլ միջոցառումների ժամանակ: