Արմինֆո. Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016 թվականների ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է։ Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձևական մրցույթ է հայտարարել և փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMWե մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։ Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական՝ շուրջ 3․400․000 դրամի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։
Նշենք, որ նշված ժամանակահատվածում Չկալովկա համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Երվանդ Կարապետյանը, ով, սակայն, հեղափոխությունից անմիջապես հետո լքեց <հարազատ> կուսակցությունը: Երվանդ Կարապետյանը <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարազատ եղբայրն է, ով նույնպես ժամանակին աշխատել է ՀՀԿ կառավարությունում ։
Երվանդ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքել է իրեն մեղսագրվող մեղադրանքը, գործը շինծու է անվանել ՝ համարելով, որ այդ ամենը քաղաքական նպատակներ է հետապնդում, որպեսզի թուլացնի իր պատգամավոր եղբոր դիրքերը ։ Նա նաև տարակուսանք է հայտնել, որ իշխանությունները քրեական գործ են հարուցում իրենց թիմի անդամի եղբոր դեմ։
Պատգամավոր Վարազդատ Կարապետյանից մեկնաբանություն ստանալ նրա եղբոր ՝ Երվանդ Կարապետյանի հայտարարության վերաբերյալ Արմինֆո-ի թղթակցին չի հաջողվել: