Արմինֆո. Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։
Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել, կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման և ջրի աղտոտման կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են նաև լճի էկոլոգիական հավասարակշռությունը խաթարող մյուս գործոնները և դրանց ազդեցության նվազեցման ուղիները։
Հասարակական խորհրդի նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկները խնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով մոնիթորինգների արդյունքների վերլուծության համակարգի ներդնումը, Սևանա լճի ջրի որակի նորմի հաստատումը, կողակի պոպուլացիայի վերականգնումը և այլն։
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել է Հայաստանում հայտնի բնապահպան, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը, Սեւանի էֆտրոֆիկացիայի պատճառը լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման մեջ է, ինչի հետևանքով նվազում է խորքային <սառը> շերտը, ինչը հանգեցնում է սովորական կենսաբազմազանության փոփոխության: Այս գործընթացին նպաստում է նաև ջրահավաք ավազանից կեղտաջրերի ներթափանցումը լիճ, որոնք իրենց մեջ պարունակում են, բացի կոմունալ հոսքերից, կենցաղային թափոններից, նաև ոռոգվող հողերից լվացվող պարարտանյութեր, թունաքիմիկատները և այլն: Այս իմաստով, փորձագետի կարծիքով, լիովին բավարար չէ ընդամենը երեք մաքրման կառույցների աշխատանքը, որոնք կատարում են միայն ջրերի մեխանիկական մաքրումը:
Լճի էֆտրոֆիկացիայի շատ կարևոր և վտանգավոր գործոն են լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որոնք հաճախ գետերից թույլատրելի սահմանաչափից ավելի շատ ջուր են վերցնում ՝ չապահովելով բնապահպանական ծախսի անհրաժեշտ քանակը: Հաճախ այդ շինություններում բացակայում են, այսպես կոչված, <ձկնանցարանները>, որոնք անհրաժեշտ են ձկների ձվադրման համար ։ Այս ամենի արդյունքում, կարծում է բնապահպանը, վերջին տարիներին նկատվում է լճում խեցգետնի եւ ձկների որոշ տեսակների անհետացում, որոնք Սեւանի բնական սանիտարներ են:
Լճի աղտոտման մեջ մեծ <լումա> ունեն նաև լճի երկայնքով մի քանի հարյուր զբոսաշրջային օբյեկտները, որոնք գրեթե չունեն մաքրման կառույցներ: Կան նաեւ մի քանի տասնյակ ձկնաբուծական տնտեսություններ, որոնք արհեստական աճեցնում են իշխան, որտեղ օգտագործվում են անհայտ բաղադրության կերեր ՝ հակաբիոտիկներ, կոնսերվանտներ, ներկանյութեր եւ այլն:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ հնչած առաջարկների հիմնական մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարևորել գիտական և փորձագիտական այլ կառույցների հետ համագործակցությունը։
Ապօրինի անտառհատումների հարցի քննարկման շրջանակներում ներկայացվել է հիմնահարցի լուծման նպատակով շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով փակվել են ապօրինություններին նպաստող բոլոր իրավական բացերը։ Իրավական նորմով նաև խստացվել են պատժաչափերը՝ առանձին դեպքերի համար նախատեսելով նաև քրեական պատասխանատվություն։
Նիստի մասնակիցների առաջարկով անդրադարձ է կատարվել նաև ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացման և անտառապատ տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ՝ նախարարության նախաձեռնած գործողություններին։