Արմինֆո. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը ։
<Այդ մասին է վկայում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից Մերձավոր Արեւելքում նավագնացության պաշտպանության միջազգային գործողության մշակումը: Որքան ես հասկանում եմ, Թրամփի վարչակազմն էապես թերագնահատել է Իրանի հնարավորություններն ու ներուժը։ Հենց դրանով է պայմանավորված պատժամիջոցների միջոցով Թեհրանին զիջումներ պարտադրելու հնարավորության առնչությամբ Սպիտակ տան վստահությունը:
Սակայն, մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ>, - նշել է նա ։
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից մշակվող՝ Մերձավոր Արեւելքում նավագնացության պաշտպանության միջազգային գործողության շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է 500 զինծառայող ուղարկել Սաուդյան Արաբիա: Էր-Ռիադն արդեն համաձայնություն է տվել ամերիկացի զինվորականների տեղակայմանը ։
Ընդ որում, Իրանում, ըստ Վերանյանի, սեփական հնարավորություններն ու ԱՄՆ հնարավորությունները բավականին հստակ են գիտակցվում ։ Իսկ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի շուրջ վերջին իրադարձությունները ցույց են տալիս Թեհրանի վճռականությունը ՝ հակազդելու տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ։ Վերջինս, նրա գնահատմամբ, Վաշինգտոնին դրդում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացման ։
Վերանյանի կարծիքով ՝ ԱՄՆ-ն ձգտում է սահմանափակել կամ ամբողջությամբ կասեցնել Իրանի վերահսկողությունը Պարսից ծոցով տարանցման նկատմամբ։ Հակառակ դեպքում Արևմուտքը կարող է հայտնվել էներգառեսուրսների մատակարարումների սահմանափակման հեռանկարի առջև, ինչը կհանգեցնի նավթի գների աճին և այլն ։ Ընդ որում, փորձագետը հնարավոր է համարում, որ Թրամփի վարչակազմում դեռեւս կան կառուցողական սցենարներ ՝ Թեհրանին ներգրավելու բանակցային դաշտ եւ դրանով իսկ խուսափելու ռազմական սցենարից:
<Ինչ վերաբերում է փոխադարձ հռետորաբանությանը, ապա այն ամբողջությամբ տեղավորվում է realpolitik-ի տրամաբանության մեջ ։ Այդ տրամաբանության շրջանակներում ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառում է պրոքսի-հիբրիդային գործողությունների ողջ գործիքակազմը ։ Եվ այս հռետորաբանության մեջ շեշտադրումների ցանկացած փոփոխություն թույլ է տալիս կողմերին զգալ փոխադարձ տրամադրությունները, տարբեր իրավիճակներին արագ արձագանքելու հնարավորությունները ։ Այսօր մենք տեսնում ենք լարվածության աճ, սակայն ռազմական սցենարից Թրամփը ձեռնպահ է մնում ։ Ամեն դեպքում, ես Իրանին ուղղակի ամերիկյան հարվածներ հասցնելու սցենարը քիչ հավանական եմ գնահատում>, - ամփոփել է փորձագետը ։