Արմինֆո. Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես, քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ, ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: