Արմինֆո.Նախիջևանից Հայաստանի տարածքի այսօրվա գնդակոծությունը ոչ այլ ինչ է, քան գլոբալ քաղաքականության մասը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Հուլիսի 17-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի տարածքից գնդակոծել են Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը ։ Հուլիսի 16-ին Նախիջևանի տարածքից հայ-ադրբեջանական պետական սահմանին կրակահերթերի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Փորձագետի գնահատմամբ ՝ Նախիջևանի տարածքից կրակոցները Ռեջեփ Էրդողանի աշխարհաքաղաքական <միջոցառումների> մի մասն են ։ Զուգահեռաբար Անկարան զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին, փորձում է ճեղքել ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ առանցքը, անօրինական գործողություններով սրում է իրավիճակը Կիպրոսի ջրային տարածքի ուղղությամբ: Վերանյանի կարծիքով ՝ այդ գործողություններն Արևմուտքի և Թուրքիայի միջև հակասությունների ածանցյալ են։ Մասնավորապես, ռուսական Ս - 400 համալիրների մատակարարումներն էլ ավելի խորացրեցին այդ հակասությունները՝ ընդհուպ ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վերանայումը ։
Նշելով, որ ԵՄ-ն իր հերթին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի ջրային տարածքում հորատման համար՝ փորձագետը հիշեցրել է, որ Բրյուսելը խիստ շահագրգռված է Արեւելյան Միջերկրածովի բնական գազի պաշարներով: Մասնավորապես, ԵՄ-ն պլանավորում է մինչեւ 2025 թվականը ավարտել EastMed գազատարի շինարարությունը, որով գազը Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի տարածքով կհասնի Իտալիա:
<Նախիջևանն ու Հարավային Կովկասն այդ տրամաբանության շրջանակների մեջ են մտնում ՝ հաշվի առնելով Անկարայի և Մոսկվայի տարածաշրջանային ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու ԵՄ ձգտումը։ Այս իրողություններին պետք է ավելացնել Թեհրանի տարածաշրջանային նկրտումները սանձելու ԱՄՆ ջանքերը ։ Այս առումով արդեն հիմա Թուրքիան մտնում է սեփական մեկուսացման ակտիվ շրջան, ինչը այդ երկիրն էլ ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի կդարձնի>, - ամփոփել է փորձագետը ։