Արմինֆո.Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով. այս սկզբունքը կպահպանվի: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՝անդրադառնալով <Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին> օրինագծին եւ փաստաթղթի <հավանական շահառուների> համար հնարավոր հետեւանքներին ։
Անանյանի խոսքով, չի կարող լինել այնպես, որ պետական որեւէ մարմին կարողանա անձից խլել իրեն պատկանող գույքը՝ պետությանը պատճառած վնասի դիմաց: <Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Չի կարելի եւ հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատական ակտի>,- պարզաբանել է Անանյանը:
Հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին օրինագիծը, որը մշակել է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, պատասխանելու է նաև այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասում դատավորների կողմից ապօրինի ձեռք բերված գույքին: Նրա խոսքով, օրինագիծն ուղարկվել է միջազգային փորձագիտական կազմակերպություններ՝ դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին ստուգելու համար: Միջազգային փորձագետների կողմից հավանության արժանանալուց հետո նախատեսվում է, որ փաստաթուղթը հասարակական քննարկումների գործընթաց կանցնի։