Արմինֆո. Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Այդ մասին հաղորդել է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ անցած գիշեր Վրաստանի մայրաքաղաքում բախումների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ եւ լրագրողներ: Մոտ 102 տուժած գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։ Բախումների առիթ է դարձել ռուսական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Ռուս պատգամավորների ներկայությունը հավանության չի արժանացել վրացի խորհրդարանականների կողմից, նրանք բողոք են բարձրացրել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն, իր հերթին, ՌԴ ԱԳՆ անունից մեկնաբանով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, թե ՙՈւղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը վաղուց նախատեսված էր Թբիլիսիում, միանգամայն ակնհայտ օգտագործվում է ընդդիմության արմատական մասի կողմից փողոցներում անկարգություններ կազմակերպելու նպատակով: ՙՍա եւս մեկ անգամ ցույց է տալիս վրացական քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լիցքավորվածությունը, որոնք ամեն ինչ անում են Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու համար",- ընդգծել է ՌԴ բարձրաստիճան դիվանագետը։