Արմինֆո. Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական ձախողման դեպքում Արցախի շուրջ ռազմական գործողությունների վերսկսումն ամենևին էլ չի դիտարկվում որպես հնարավոր սցենար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել վերջերս Արցախում ստեղծված "միացում" դաշինքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։
Հունիսի 19-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Տեղի կունենա Մնացականյանի առանձին հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ: "Արցախի շուրջ հակամարտության ակտիվ փուլի համար, գոնե հիմա, պարզապես, բացակայում են համապատասխան աշխարհաքաղաքական նախադրյալները։ Այն լարվածության ֆոնին, որով հնամակված է Մեծ մերձավոր արևելքը, Իրանի և, իհարկե, Թուրքիայի շուրջ վատթարացող իրավիճակը, ռազմական գործողությունների մասին Իլհամ Ալիևի ինքնուրույն որոշումը շատ քիչ հավանական է թվում։ Մեծ պատերազմ սկսելու որոշում, իհարկե, կարող է կայացվել, բայց՝ ոչ Ադրբեջանի կողմից", - համոզված է վերլուծաբանը։
Այս լույսի ներքո մեկնաբանելով բանակցային գործընթացի հեռանկարները՝ Արզումանյանը նշել է երկու հնարավոր սցենար. բանակցությունների շարունակում կամ դրանց մուտքը հերթական տևական դադարի վիճակ։ Ընդ որում, նա չի բացառում, որ երկրորդ դեպքում կարող են տեղի ունենալ միջադեպեր, ինչպես՝ 2016-ի ապրիլին։
Արզումանյանի գնահատմամբ՝ Ստեփանակերտի մասնակցությամբ լիաֆորմատ բանակցությունների վերականգնման Երևանի նախաձեռնությունն էապես անհանգստացրել է Բաքվին, որը ձգտում է պահպանել բանակցային գործընթացի մինչ վերջերս գոյություն ունեցող տրամաբանությունը։ Արզումանյանը համոզված է, որ հենց այս տրամաբանությունն է, հիմնականում, 2016 թվի ապրիլյան պատերազմի պատճառը։ Մասնավորապես, Հայաստանը տեղի էր տալիս միջազգային հանրության ճնշումներին, որի նպատակը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում բանակցություններն էին, և արդյունքում ստացավ 2016 թվականի ապրիլը։
"Այսպիսով, մեր սեփական ու, նաև, միջազգային փորձը վկայում է այն մասին, որ միջազգային նորմերին համապատասխանող սեփական սկզբունքները պաշտպանելու հաստատակամությունն ավելի շահեկան դիրքորոշում է, քան արտաքին դերակատարներին զիջումները, հատկապես, եթե դրանք արվել են ուժային ճնշման ներքո: Համոզված եմ, որ լեգիտիմության բարձր աստիճանը և, համապատասխանաբար, արտաքին ճնշումների նկատմամբ իմունիտետը թույլ կտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ շարունակել սեփական գրագետ արտաքին քաղաքական գիծը, ինչպես ընդհանուր, այնպես էլ Արցախի մասով ", - ամփոփել է վերլուծաբանը։