Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:
ՙԱռերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն՚, - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Սյունիքի մարզպետն այն ժամանակ Սուրիկ Խաչատրյանն էր ("Լիսկան")։ Նա Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2004-ի մարտից մինչև 2013-ի մարտը, Այնուհետև ազատվել է իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով, իսկ 2014-ի սեպտեմբերի 25-ին կրկին նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում (մինչև 2016-ի հոկտեմբեր):