Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և մեր երկրների միջև գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար»,- ասվում է Հանրապետության նախագահի ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: