Արմինֆո. Ադրբեջանաթուրքական զորավարժությունները ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ռազմական և ռազմա-օդային կցորդ Անդրեյ Գրիշչուկը՝ հունիսի 11-ին մամուլի ասուլիսում անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի տարածքում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժություններին եւ դրանցից բխող հնարավոր սպառնալիքներին: Նա, մասնավորապես, ասել է. "Այդ զորավարժությունները հետաքրքիր են միայն վիճակագրության տեսանկյունից։ Հերթական պլանային զորավարժություններ, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Եվ մենք, և Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, ուշադիր հետևում ենք դրանց ընթացքին։ Ոչ մի անհանգստացնող բան չկա", - ասել է նա,՝վստահեցնելով, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության հարցում։
Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում պահպանվի ռազմավարական անվտանգությունը: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ամեն ինչ անում է, որպեսզի հայկական կողմն իրեն անվտանգ զգա։ Նրա խոսքով, դրա վկայությունն է նաև օրերս Երևանում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի 14-րդ նիստը, և 102-րդ ՌՖԲ-ի գործունեությունը ՀՀ-ում: "Այս ամենը Ռուսաստանի իրական դիրքորոշումն ու տեսլականն է", - ամփոփել է դեսպանը: