Արմինֆո.Հայաստանն ու Լեհաստանն իրար առաջարկելու բան ունեն։ Այդպիսի համոզմունք է հայտնել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Տադեուշ Վոզնյակը՝ պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին։
Հայաստանում Լեհաստանի դեսպանության կողմից կազմակերպված մամուլի շրջագայության շրջանակներում մի խումբ հայ լրագրողներ մայիսի 25-30-ը եղան Վարշավայում, որտեղ հնարավորություն ունեցան հանդիպելու լեհ դիվանագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
"Ներուժն ակնհայտ է, այն պետք է օգտագործել, և այսօր մենք հայ գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հունիսի 4-5-ը Լեհաստանում ընդունում ենք Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը: Մեր օրակարգի հիմնական նպատակը մեր երկրների միջև գոյություն ունեցող միջխորհրդարանական կապերի խորացումն է", - ընդգծել է նա:
Վոզնյակի գնահատմամբ, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա ապրանքաշրջանառության ծավալը (մոտ 50 մլն դոլար – խմբ.) ակնհայտորեն բավարար չէ և չի արտացոլում երկու երկրների առեւտրատնտեսական ներուժը։ Այս լույսի ներքո՝ խորհրդարանականը տեսնում է այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի լայն դաշտ։ Նրա կարծիքով, առեւտրատնտեսական օրակարգի համալրումը հայ եւ լեհ ժողովուրդների միջեւ ավանդական, բազմադարյա բարեկամական կապերի լավագույն լրացում կլինի:
Հունիսի 4-5-ը Լեհաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակությունը Լեհաստան է մեկնել՝ մասնակցելու Վարշավայում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովին: