Արմինֆո. Ողջ պատմության ընթացքում Լեհաստանի շուրջ սսսսսսստեղծվող ոչ լավագույն աշխարհաքաղաքական իրավիճակը մեր երկրին չխանգարեց ճիշտ ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Տադեուշ Վոզնյակը՝ պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին։
Հայաստանում Լեհաստանի դեսպանության կողմից կազմակերպված մամուլի շրջագայության շրջանակներում մի խումբ հայ լրագրողներ մայիսի 25-30-ը եղան Վարշավայում, որտեղ հնարավորություն ունեցան հանդիպելու լեհ դիվանագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
"Երկու կողմից մեր երկիրը միշտ շրջապատել են Ռուսաստանն ու Գերմանիան։ Այդ երկու երկրների հետ էլ մեզ մոտ պատմականորեն լավագույն հարաբերությունները չէին դասավորվում, քանի որ մեր երկու հարևանները ձգտում էին Լեհաստանն իրար մեջ բաժանել։ Սակայն լեհ ժողովուրդը, նույնիսկ լինելով ժողովուրդների սլավոնական խմբի մի մասը, միշտ նայել է դեպի Արևմուտք, քանի որ կիսել է եվրոպական արժեհամակարգը", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո Վոզնյակը կարծում է, որ Հայաստանը նույնպես, վաղ թե ուշ, բայց ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Նրա գնահատմամբ՝ Լեհաստանում հիանալի հասկանում են Հայաստանի դրության ողջ բարդությունը։ Եվ, այնուամենայնիվ, լեհ խորհրդարանականն այդ ընտրությունը համարում է Հայաստանի անխուսափելի խնդիրը։ Վոզնյակը հատուկ ընդգծել է, որ ամեն դեպքում Հայաստանի ցանկացած ընտրություն Լեհաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների վրա չի անդրադառնա:
Լեհ խորհրդարանականն, ընդհանուր առմամբ, հակված է Հայաստանի արտաքին քաղաքականության ապագա վեկտորի որոշումը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ։ Նրա կանխատեսմամբ, Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման, տարածքային վեճի լուծման եւ հաշտության վերջնական հաստատման դեպքում Հայաստանի ընտրության վերաբերյալ որոշումը այնքան էլ դժվար չի լինի:
"Համոզված եմ, որ ընտրություն միշտ կա։ Ամբողջ հարցն այն է, թե որքան լավն է այն։ Մենք նաև հասկանում ենք, որ ամեն մի ընտրություն միշտ ունի իր հետևանքները, որոնց համար պատասխանատու է այդ ընտրությունը կատարող մարդը, երկիրը։ Եվ ինձ թվում է, որ առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը միշտ պետք է շարունակի նախապատվությունը տալ ժողովրդավարական արժեքներին", - ամփոփել է Վոզնյակը ։