Արմինֆո.Սեփական երկրում մշակութային արժեքների ոչնչացումը համարժեք է ազգի դավաճանության։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, որը Երեւան է ժամանել Լոնդոնից:
"Նոյյան Տապան" գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ այս հարցում մեծ հույսեր է կապում երկրի նոր ղեկավարության հետ եւ խնդրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել իր պապի թանգարանի գործունեությունը վերսկսելու մասին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Ալեքսանդր Թամանյանի թանգարանը միավորվել է Ազգային թանգարանի հետ։
Ինչպես նշել է Թամանյանը (կրտսերը), Երեւանում գտնվելու ընթացքում հանդիպել է լրագրողների, ճարտարապետների հետ, նաեւ դիմել է քաղաքապետարան ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանում պատասխանել են, որ քաղաքապետին կտեղեկացնեն այդ հարցի վերաբերյալ, եւ եթե մայրաքաղաքի ղեկավարն անհրաժեշտ համարի, ապա կընդունի իրեն: Բացի այդ, Թամանյանը հայտարարել է, որ հույս ունի հանդիպել Փաշինյանի եւ նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ինչի արդյունքում ակնկալում է, որ վարչապետը դրական եզրակացության կհանգի այդ հարցի վերաբերյալ, ինչը կլինի թանգարանի վերածննդի առաջին քայլը: Ճարտարապետի թոռն ընդգծել է, որ Թամանյանի անձնական արխիվում ավելի քան 1000 ցուցանմուշ կա։
Անդրադառնալով 2016 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես, Թամանյանի եւ ճարտարապետության թանգարանների միավորման վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոչ միանշանակ որոշմանը, ճարտարապետի թոռը օպտիմալացման նպատակով պատմել է այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մասին: "Մարգարյանն ինձ խոստացավ, թե ամեն ինչ կանի, որպեսզի այդ հարցը լուծի, եթե ես նրան բերեմ կառավարության համապատասխան որոշումը։ Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես կարող էի դա անել։ Այսինքն՝ նա ինձ ակնհայտորեն խաբեց", - նշել է Գագիկ Թամանյանը։
Հանդիպմանը ներկա հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը, իր հերթին, տեղի ունեցածը որակել է կոպիտ սխալ, որը շտկման կարիք ունի: "Անհեթեթ իրավիճակ է։ Կառավարությունում և նրա սահմաններից դուրս չկա մի մարդ, ով դեմ լինի այդ գաղափարին, բոլոր կողմերը կողմ են այդ առաջարկին, բայց գործը առաջ չի շարժվում։ Իրականությունն այն է, որ կոշկակարը կոշիկ չունի, և մեծ ճարտարապետը տեղ չի գտել իր քաղաքում", - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանը Երևանի գլխավոր հատակագծի (1924թ.), այլև Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հիասքանչ շենքերի հեղինակն է։ Նրա ստեղծագործությունների թվում են Երևանի կենտրոնական հրապարակը ՝ Կառավարության տան հետ, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։