Արմինֆո. Հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը։
Նրա հավաստմամբ, այս տարի իրավիճակն առաջնագծում մնում է կայուն, ի տարբերություն նախորդ տարվա, երբ հակառակորդը վերոնշյալ հատվածում իր դիրքերը տեղաշարժելու փորձեր էր ձեռնարկել: Թեեւ, ըստ Փիլոյանի, Ադրբեջանի կողմից անցյալ տարի կառուցված որոշ դիրքեր հետագայում թողնվել են՝ ձմռանը նորմալ մատակարարումներ ապահովելու անհնարինության պատճառով: "Իհարկե, հակառակորդն այժմ էլ ժամանակ առ ժամանակ փորձում է նոր դիրքեր գրավել, սակայն այդ փորձերը վճռականորեն կասեցվում են մեր կողմից։ Ժամանակ առ ժամանակ լինում են հրադադարի ռեժիմի խախտումներ, մասնավորապես, ինժեներական աշխատանքների ժամանակ։ Բայց իրավիճակը լիովին վերահսկվում է մեր կողմից", - ամփոփել է Փիլոյանը։
Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանի զինված ուժերը հայտարարել էին Նախիջեւանում 11 հազար հեկտար տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, ավելի ուշ պարզվել էր, որ խոսքը եղել է երկու երկրների ԶՈւ դիրքերի միջեւ հեռավորությունը կրճատելու մասին: