Արմինֆո. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր դավաճանական գործողությունները, ինչի մասին նախորդ օրը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան նախարարն ասել է. «Որպես պաշտպանության նախարար՝ ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ թեման քննարկվել է մայիսի 20-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Տոնոյանն ասել է. ՙԱնշուշտ: Եվ այդ հարցը, և մի շարք այլ հարցեր: Գնահատական է տրվել առկա իրավիճակին: Ես կարծում եմ, որ ամեն բան կկարգավորվի՚, - ասել է նա:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին նախարարն արձագանքել է. «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»: