Արմինֆո. Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը դատապարտում է մայիսի 21֊ին Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան:
Ինչպես ասվում է Սասնա Ծռեր կուսակցության քարտուղարության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին, երեկվա ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ ՙՀայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։ Հյուրի պաշտամունք և հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։ Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում՚, - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ երեկ Եվրոպայի օրվան նվիրված համերգի շրջանակում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի ողջույնի ելույթի ժամանակ ՙԱդեկվատ՚ նախաձեռնող խմբի անդամները ներխուժել են դահլիճ ՝ վանկարկելով ՙՍվիտալսկիՍիկ՚: Նրանց անմիջապես բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 20-ին նույն խմբի մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց։ Օրեր առաջ էլ նրանք վիճել էին Երևանի ավագանու ՙԻմ քայլը՚ դաշինքի անդամ Արթուր Իսպիրյանի հետ, ինչի առնչությամբ, ինչպես Արմինֆո-ին հաղորդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հավելենք, որ վերը նշված խմբի կազմում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին սատարող շարժման ակտիվիստ Նարեկ Սիմոնյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի զինակից Արթուր Դանիելյանը եւ Blogbews պորտալի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Հիշեցնենք նաև, որ Սվիտալսկին իր հայտարարությամբ պաշտպանել է դատական համակարգում ՙվիրահատական բարեփոխումներին՚ նպատակաուղղված Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները: